Առաջին Քայլում, երբ մտքով և սրտով ընդունեցի իմ անզորությունը, սկսեցի ինձ դիտարկել կողքից, հոգ տանել ինքս իմ մասին, սիրել և կարեկցել ինքս ինձ, համբերել և առողջանալ։
Տասներկուամյա փոքր դստերս կորցնելուց հետո ես ապրում էի կատարյալ հուսահատության մեջ։ Բայց իմ կյանքում մի մեծ լույս ծագեց, երբ ծնվեց տղա թոռնիկս, որը կարծես երկնքից ուղարկված նվեր էր բոլորիս համար։ Վերջապես ես սկսեցի ապրել, ուրախանալ և ծիծաղել, նա լցրեց իմ կյանքն իր ներկայությամբ։ Թոռնիկս արդեն տասնինը տարեկան էր, երբ առաջին անգամ նկատեցի, որ տարօրինակ շարժումներ է անում․․․ես շատ վախեցա, խուճապահար էի, մտածեցի, որ բանակում, ծառայության ընթացում հոգեկան խանգարում է ստացել։ Ողջ գիշեր չքնեցի։ Առավոտյան պատմեցի աղջկաս, պարզվեց, որ աղջիկս արդեն գիտեր, որ իր որդին թմրանյութեր է օգտագործում։ Փաստորեն թոռանս տարօրինակ վարքը թմրանյութեր օգտագործելու հետևանք էր։ Շատ տխրեցի, հուսահատվեցի և կյանքիս իմաստը կորցրեցի։ Չէի ուզում ոչ մեկի հետ շփվել, շատ ամոթալի էր, հանկարծ չիմանային, որ իմ թոռը թմրամոլ է։ Ես ի՞նչ կարող էի անել, միայն աղոթել։ Ընտանիքով հավաքվեցինք և որոշեցինք ուղարկել նրան վերականգնողական կենտրոն, և իհարկե թոռս դիմադրում էր։ Այդ ընթացքում աղջիկս արդեն սկսել էր հաճախել Նառ-Անոն ընտանեկան խմբերի հանդիպումներին։ Մենք արդեն տեղյակ էինք թմրամոլություն հիվանդության էությանը, գիտեինք, որ հարկավոր է թմրամոլի հետ սահմաններ հաստատել և պահել։ Այդպես էլ արեցինք։ Շուտով թոռս տեսավ իր հատակը և գնաց վերականգնողական կենտրոն։ Ինը ամիս անց նա փախավ կենտրոնից։ Բոլորս կարծում էինք, որ առողջացավ, բայց ոչ, նա սայթաքեց։ Մայրը կրկին դուրս հանեց նրան իր տանից։ Երկու ամիս թափառելուց հետո թոռս խնդրեց, որ ընդունեմ իրեն իմ տուն։ Ես դժվարությամբ, բայց ընդունեցի։ Ես շատ հիվանդագին էի ընդունում այդ ամենը, և խելագարության շեմին էի, երբ սկսեցի հաճախել Նառ-Անոն։ Նառ-Անոնի հանդիպումներում իմացա, որ պետք է պայմանագիր կապեմ թմրամոլի հետ մեր համակեցության սահմանների մասին։ Ինձ շատ օգնեց, որ մեզ նման մարդիկ հավաքվում են և իրենց նմանատիպ պատմություններով կիսվում են, և դա նպաստում էր բոլորիս առողջացմանը։ Հասկացա, որ ես անզոր եմ և չեմ կարող նրան փոխել։ Հասկացա, որ ես Չե՛մ հիվանդության պատճառը, Չե՛մ կարող նրան բուժել, Չե՛մ կարող վերահսկել նրա առողջացումը։ Ես կարող եմ փոխել միայն ի՛նձ և ընդունել իրավիճակը, ինչպես որ կա ու բաց թողնել։ Արդեն տարիներ են անցել։ Իմ թմրամոլը ապրում է առանձին, ինքնուրույն, չգիտեմ օգտագործում է, թե ոչ՝ դա իր որոշումն է։ Ես երբեմն խոսում եմ հեռախոսով թոռանս հետ, ասում եմ, որ սիրում եմ իրեն։ Ես դեռ շարունակում եմ հաճախել Նառ-Անոնի հանդիպումներին իմ սեփական առողջացման և մյուսներին օգտակար լինելու համար։ Շարունակելու եմ հաճախել Նառ-Անոնի հանդիպումներին․«Ծրագիրն աշխատում է, եթե աշխատում ես դու»։