ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՀՈՒՅՍ
Ես միամտորեն ու անկեղծորեն հավատում էի իմ թմրամոլի հորինած «հեքիաթներին» և տրվում էի մանիպուլյացիաներին, որոնց նպատակը մեզանից գումար կորզելն էր։
Ես Նառ-Անոն եկա վեց տարի առաջ՝ ամբողջովին կոտրված, հուսահատված, խռոված և մեծ վախով, որ հանկարծ որևէ մեկը չիմանա, թե ինչ է կատարվում իմ ընտանիքում։ Ընտանիքս քայքայվում էր։ Մի ամբողջ տարի, իմանալով, որ տղաս թմրանյութերից կախվածություն ունի՝ ես ժխտում էի այդ փաստը։ Ես չէի ուզում հավատալ, որ իմ գեղեցիկ ընտանիքում, որտեղ սեր ու համերաշխություն էր տիրում, և ունեինք բարեկամական ու ընկերական մեծ շրջապատ, հանկարծ պարզվում է, որ մեր շատ սիրելի ու տաղանդավոր երաժիշտ որդին դարձել էր թմրամոլ։ Իմ հպարտությունն ու էգոն թույլ չէին տալիս, որպեսզի ես կարողանամ հասկանալ և ընդունել այդ իրողությունը։ Ես միշտ մեղավորներ էի փնտրում։ Իմ կարծիքով առաջին մեղավորը ամուսինս էր, որը միշտ երես էր տալիս մեր որդուն և չափից դուրս աջակցում էր նրան բոլոր հարցերում։ Ես էլ իմ կողմից էի թաքցնում տղայիս ստերը։ Ես միամտորեն ու անկեղծորեն հավատում էի իմ թմրամոլի հորինած «հեքիաթներին» և տրվում էի մանիպուլյացիաներին, որոնց նպատակը մեզանից գումար կորզելն էր։ Երբ հասկացա, որ որդիս իսկապես կախվածություն ունի թմրանյութերից, և որ դա անբուժելի հիվանդություն է, կարծես աշխարհը շրջվեց իմ գլխին... Ես խելագարի պես ելք էի փնտրում, թե ինչ կարող եմ անել երեխայիս նորից կյանքի վերադարձնելու համար...

Վերականգնողական կենտրոնում մեզ ասացին, որ թմրամոլությունն ընտանեկան հիվանդություն է, և որ մենք նույնպես պետք է աշխատենք մեզ վրա։ Ասացին, որ թմրամոլությունից տառապողների հարազատների համար գոյություն ունի Տասներկու Քայլեր ծրագիր։ Ես արդեն համաձայն էի ամեն ինչի, միայն թե իմ շատ սիրելի որդին, որն իմ ամենափոքրն էր ու շատ սիրված էր բոլորիս կողմից, վերադառնար նոր և առողջ կյանքի։
10.09.2018 թվականից սկսվեց մեր առողջացումը։ Տղաս վերականգնողական կենտրոնում էր, իսկ ես ամեն օր հաճախում էի Նառ-Անոն ընտանեկան խմբերի այդ փրկարար հանդիպումներին։ Սկզբում չէի կարողանում խոսել ու կիսվել, ես միայն լաց էի լինում։ Բարկանում էի մայրիկների վրա, որ հագած-կապած ու բարձր տրամադրությամբ պատմում էին, թե ինչպես է փոխվել իրենց կյանքը՝ ծրագրի գործիքները կիրառելու շնորհիվ։ Ծրագրի Տասներկու Քայլերն անցնելով՝ ես հասկացա, թե որքան հզոր փոփոխություններ կատարվեցին իմ մեջ։

Ես այսօր չեմ ամաչում ոչ մեկից, չեմ վախենում որդուս վաղվա օրվա համար և ոչ մեկին չեմ մեղադրում։ Հիմա ոչ ոք ինձ չի կարող նեղացնել, որովհետև ես լիովին փոխել եմ իմ մոտեցումը մարդկանց հանդեպ։ Ես ապրում եմ այսօրվա օրով, ես երախտապարտ եմ իմ Վերին Ուժին՝ իմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ։ Ես ազատվել եմ իմ հիվանդ երևակայությունից, մարդկանց պիտակավորելուց, բամբասելուց, չարախոսելուց, նեղանալուց, խռովելուց և շատ ու շատ վատ բաներից։

Այսօր ես ընտրել եմ Աստծո տված բարիքների համար ամեն օր շնորհակալ և երախտապարտ լինելը։ Ես ներդաշնակության մեջ եմ ինքս ի՛նձ հետ, մեծ սիրով զրուցում և կիսվում եմ իմ կյանքի փորձով։ Աստծո օրհնությամբ, իմ թմրամոլն արդեն վեց տարի մաքուր է, ապրում է առանձին և ունի աշխատանք։ Այսօր մենք ծրագրի հրաշալի գործիքներ ունենք՝ իրար հետ սիրով ու ջերմությամբ շփվելու և կիսվելու համար, Աստծո օրհնությամբ։

Ես տեսա դժոխքը սեփական երեխայիս մեջ ու հասկացա, որ այլևս անզոր եմ պայքարել, որ իմ ուժն ինձ չի հերիքում։