ԵՍ ԹՄՐԱՄՈԼԻ ՄԱՅՐ ԵՄ

Ես տեսա դժոխքը սեփական երեխայիս մեջ ու հասկացա, որ այլևս անզոր եմ պայքարել, որ իմ ուժն ինձ չի հերիքում։
Ես 45 տարեկան էի, երբ իմացա, որ 20-ամյա որդիս թմրանյութեր է օգտագործում։ Այդ մասին ես իմացա ամենավերջինը, քանի որ ինքս գտնվում էի խորը ժխտման մեջ։ Ես չէի ուզում հավատալ, որ թմրամոլություն հիվանդությունը հայտնվել է իմ ընտանիքում, և որ այդ խելագար իրականության մեջ հայտնվել եմ հենց ես։ Ոչ մի կերպ չէի ընդունում, որ որդիս թմրամոլ է։ Ինչպես ինքն էր ասում, որ վաղն ամեն ինչ լավ կլինի, այնպես էլ ես էի հավատում, որ այդ մղձավանջը վաղը կավարտվի։ Ես այնքան երկար ժամանակ ժխտեցի, չընդունեցի և հանցակցեցի թմրամոլությանը, մինչև որ, մի օր իմ Վերին ՈՒժն ինձ կանգնեցրեց թմրամոլի առջև ու ցույց տվեց, թե ինչ է կատարվում նրա հետ անմիջապես օգտագործումից հետո։ Ես տեսա դժոխքը սեփական երեխայիս մեջ ու հասկացա, որ այլևս անզոր եմ պայքարել, որ իմ ուժն ինձ չի հերիքում։ Երկինքը փակվեց ինձ համար, ես կորցրեցի իմ կյանքն ու ողջամտությունը։ Ես հասկացա, որ ինձ օգնություն էր պետք ու սկսեցի փնտրել։

Հոգեբանն ասաց, որ ինձ կօգնեն միայն Տասներկուքայլանի խմբերի հանդիպումները, եթե ես կանոնավոր հաճախեմ դրանց։ Այդ տարիներին Հայաստանում միայն մեկ խումբ կար, կոչվում էր Ալ-Անոն՝ ալկոհոլիկների բարեկամների համար։ Ես սկսեցի հաճախել հանդիպումներին ու հանդիպեցի ինձ նման մարդկանց, ովքեր կախյալ ունեին, բայց ժպտում էին, կիսվում և աջակցում էին ինձ։ Նրանք ինձ չէին քննադատում և խորհուրդներ չէին տալիս, այլ պարզապես լսում էին և կիսվում իրենց պատմություններով։ Ժամանակի ընթացքում զգում էի, ինչպես էր ծանր բեռն ընկնում իմ ուսերից։ Լույսը բացվում էր ինձ համար, իմ կյանքի գույները կամաց-կամաց վերականգնվում էին։ Ես իմ ողջ մարմնով, հոգով և մտքով զգացի ու հասկացա, որ կա մի լուսավոր բան, որն ավելի հզոր է, քան ես։ Այն օգնում է ինձ ուժեղանալ և հաղթահարել խնդիրները, միայն եթե ես վստահում եմ Նրան օր առ օր։ Հետո սկսեցի միանալ Նառ-Անոնի ռուսական օնլայն խմբերի հանդիպումներին, ընտրեցի ռուս հովանավոր և սկսեցի աշխատել Տասներկու Քայլերով։

Շուտով հասկացա, որ ես իմ այն ընկերուհիների հետ, ովքեր նույնպես թմրամոլ ունեին, իմ քաղաքում պետք է Նառ-Անոնի հայալեզու խումբ բացեմ։ Վերին Ուժի օգնությամբ մենք բացեցինք խումբը՝ մեր իսկ առողջացման և թմրամոլների հարազատներին օգնելու նպատակով։

Ես արդեն հինգ տարի է Նառ-Անոնի շնորհակալ անդամ եմ։ Այսօր Նառ-Անոն ընկերակցության շնորհիվ ես կարողանում եմ սահմաններ հաստատել թմրամոլի հետ։ Ես դադարել եմ հանցակցել, սիրով բաց եմ թողել նրան, բայց սիրում եմ անվերապահորեն և ապրում եմ իմ կյանքն օր առ օր։ Երբ սկսեցի կիրառել Նառ-Անոնի գործիքները, թմրամոլը հանկարծ դուրս եկավ ժխտումից։ Նա տեսավ իր հիվանդությունն ու կամովին գնաց վերականգնողական կենտրոն։ Իսկ հետո իր ապաքինումը շարունակեց Անանուն Թմրամոլների խմբերում և սկսեց հոգ տանել ինքն իր մասին։

Այսօր ես շարունակում եմ հաճախել Նառ-Անոն խմբերի հանդիպումներին, իմ հովանավորի հետ աշխատում և կիրառում եմ Տասներկու Քայլերը, ծառայում եմ խմբերում և հույսի ուղերձն եմ փոխանցում այն մարդկանց, որոնց ընտանիքներում թմրամոլության խնդիր կա։ Այդպես ես մնում եմ առողջ, ողջամիտ և ուրախ ցանկացած իրավիճակում։ Ես ազատվել եմ ավելոդ մտքերից, սպասումներից, դեռևս մանկուց եկած վիրավորվածություններից, իմ բնավորության արատներից։ Վերջապես սկսել եմ ապրել ինձ շնորհված ամեն օրը՝ ինձ զգալով կյանքին մասնակից, տեսնելով ու վայելելով ամեն րոպեն ավելի լավ, քան երեկ։ Այսօր իմ հարաբերություններն անհամեմատելիորեն բարելավվել են ոչ միայն թմրամոլի, այլ նաև ընտանիքիս անդամների, գործընկերների, ընկերների և որ ամենակարևորն է՝ ինքս ինձ հետ։ Այժմ ինձ համար ելք կա ցանկացած իրավիճակում, պարզապես ես այն պետք է տեսնեմ իմ Վերին Ուժի և Նառ-Անոնի օգնությամբ։


Ես միամտորեն ու անկեղծորեն հավատում էի իմ թմրամոլի հորինած «հեքիաթներին» և տրվում էի մանիպուլյացիաներին, որոնց նպատակը մեզանից գումար կորզելն էր։