Իմ թմրամոլի սայթաքումը բացեց նոր դուռ դեպի իմ անզորության լրիվ ընդունումը։ Ես սկսեցի լիովին տեսնել և ընդունել, որ թմրամոլությունը պրոգրեսիվ և քրոնիկական հիվանդություն է, և որ ես լինելու եմ այս սարսափելի հիվանդության ազդեցության տակ իմ ողջ կյանքի ընթացքում։ Ես ԱՆԶՈՐ եմ։
Որդիս երեք տարի սթափ էր, և մենք շփվում էինք վարքի նոր մոդելներով, որովհետև երկուսս էլ առողջանում էինք մեր ՏասներկուՔայլանի ծրագրերով․ես՝ Նառ-Անոնում, իսկ նա՝ Անանուն Թմրամոլներում։ Սակայն սայթաքումից հետո նա հրաժարվեց շարունակել մեր հարաբերությունները և սկսեց մեղադրել ու դատապարտել ինձ։ Նա խնդրեց ինձ անհետանալ իր կյանքից և դադարեցնել զանգերը այն պատճառով, որ ես իմացա և հայտնեցի նրան իր օգտագործման մասին։ Ինձ շատ դժվար էր հրաժարվել նրան փրկելու փորձերից, լիովին բաց թողնել իմ վերահսկողությունը և ուղղակի վստահել կյանքին։ Ես երկար ժամանակ տառապում էի՝ ժխտելով հիվանդությունը, շարունակելով պայքարել, մտքով վերահսկում էի և մանիպուլյացիաներ էի անում։ Ես չէի ընդունում թմրամոլություն ընտանեկան հիվանդությունը, ինչպիսին որ կա։ Ես երեք տարի որդուս սթափության և իմ հոգևոր հարաբերական խաղաղ վիճակի ընթացքում պատրանքի մեջ էի։ Թմրամոլի սայթաքման շնորհիվ ես հանկարծ հասկացա, որ խորապես կախված եմ նրա վիճակից, որ խորապես հիվանդ եմ նրանից և կորցնում եմ ինքս ինձ։ Այսպիսով, հինգ տարի լինելով Նառ-Անոնում և Տասներկու Քայլերը հովանավորի հետ մեկ շրջան անցնելուց հետո՝ որոշեցի նորից անցնել Քայլերը, այս անգամ Նառ-Անոն 36-ով։
Առաջին Քայլում երկու ամիս փոքր խմբում աշխատելով, ես աստիճանաբար և ամբողջությամբ սկսեցի ընդունել իմ անզորությունը։ Հաշտվեցի իրականության հետ և որդուս ընտրության հետ։
Ես սկսեցի ընդունել, որ այո՛, այսօր և որոշ ժամանակ մենք պետք է հեռանանք միմյանցից և անհատապես աճենք մեր սեփական ուղիներով։ Ես սկսեցի հարգել և համակրել որդուս՝ շնորհակալություն հայտնելով նրան ինձանից հեռու մնալու ընտրության համար, քանի որ դա օգնեց ինձ բաց թողնել նրան իմ Վերին Ուժի առաջնորդությամբ։
Առաջին Քայլում, երբ մտքով և սրտով ընդունեցի իմ անզորությունը, սկսեցի ինձ դիտարկել կողքից, հոգ տանել ինքս իմ մասին, սիրել և կարեկցել ինքս ինձ, համբերել և առողջանալ։ Այսպիսով, իմ մասին հոգ տանելով՝ ես օգտակար դարձա Աստծուն և մյուսներին։ Ես ընդունեցի, որ անզոր եմ ազդել ոչ միայն իմ թմրամոլի վրա, այլև մյուս մարդկանց ընտրությունների, զգացմունքների և վարքագծի վրա։ Ընդունեցի, որ նրանք ունեն սխալվելու, սայթաքելու և առողջանալու նույն իրավունքները, ինչպես և ես։ Ես հայտնաբերեցի, որ անզոր եմ ստիպել ինձ սիրել սկեսուրիս և անզոր եմ ստիպել նրան սիրել ինձ, և որ առնվազն արդար է թույլ տալ նրան չսիրել ինձ և միաժամանակ ապրել նրա հետ, հոգ տանել նրա մասին, հարգել նրան։ Ես ընդունեցի, որ անզոր եմ իրադարձությունների հանդեպ և չեմ կարող փոխել դրանց ընթացքը. ոչինչ կախված չէ ինձանից։ Ես չեմ կարող բղավել ծովի ալիքների վրա, որ դրանք կանգ առնեն, միևնունն է դրանք կանգ չեն առնի /հատված ԿՓՈՒՀ-ի գրականությունից/։ Ես գիտակցեցի՝ ինչպես որ ես չե՛մ որդուս հիվանդության պատճառը, այնպես էլ ես չե՛մ նրա ապաքինման պատճառը։ Իմ հիվանդությունը կարելի է նկարագրել որպես լիակատար վերահսկողություն և մոլուցք այլ կյանքերի հանդեպ, պարզապես ոչ իմը, և ես անզոր եմ իմ հիվանդության հանդեպ։
Առաջին Քայլում իմ բոլոր բացահայտումները ինձ տվեցին ազատություն և թեթևացում, նորմալ ինքնագնահատական, իմ սահմանների և պահանջմունքների գիտակցում, ինքնաընդունում, ընդունում, համբերություն և կարեկցանք մյուսների նկատմամբ։ Այսօր, Առաջին Քայլի շնորհիվ ես կարող եմ ապրել խաղաղ և արժանապատիվ կյանքով՝ առանց թմրամոլի, առանց նրանից որևէ տեղեկություն ստանալու։ Ես նրան բաց եմ թողել սիրով և այն հույսով, որ մի օր նա կկարողանա ապաքինվել և գտնել իր ուղին։ Ամեն օր ես նրան հանձնում եմ Վերին Ուժի սիրող ձեռքերին և խնդրում եմ Աստծուն անել նրա համար այն, ինչ ես այդքան հուսահատորեն ուզում եմ, բայց ՉԵՄ ԿԱՐՈՂ։